էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո

Armenpress 18:15, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին  էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո` ԿԸՀ հանձնաժողովի նիստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց  ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նրա խոսքով` դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 8:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: «Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի 729 ՀՀ քաղաքացի»,-ասաց նա:

Լաուրա Գալստյանը նշեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է`  Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` համապատասխան հղման միջոցով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am