1000х90.jpg (78 KB)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին վթարված ՍՈՒ-25-ի օդաչուներին

Armenpress 14:50, 8 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ:

«Դեկտեմբերի 4-ին մենք երկու ծառայակից ընկեր կորցրեցինք, հարենիքի երկու պաշտպան: Հայրենքի պաշտպանի սրբազան առաքելությունը ստանձնելը որոշում է, որը յուրաքանչյուրն ինքնուրույն է կայացնում: Օդաչուի յուրաքանչյուր թռիքը դա սխրանք է, հերոսական ակտ, որը մարդուց պահանջում է կամքի և ուժերի գերագույն լարում: Դեկտեմբերի 4-ին նրանք կատարեցին իրենց վերջին թռիչքը»,- ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը կործանվել էր Մարալիկի տարածաշրջանի լեռներում: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրու օդանավակայանից: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am