Վալերիյ Օսիպյանը պարգեւատրել է դինամոյական մարզիչներին ու մարզիկներին

Armenpress 20:27, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը նաև  Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահն է, շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մարզական-հասարակական կազմակերպության Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի վաստակաշատ մարզիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին նաև բռնցքամարտի, ըմբշամարատի, ծանրամարտի, սեղանի թենիսի մարզաձևերում այս տարի հաջողություններ արձանագրած դինամոյականները։ Դինամո  մարզական-հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի բռնցքամարտի մարզիչն էլ Վալերիյ Օսիպյանին նվիրեց հուշանվեր ձեռնոց՝ ոստիկանության պետի պատկերով։ 

Պարգևատրման արարողությունից հետո Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց մարզիչներին մարզաձևերի զարգացման, ինչպես և նոր սերնդին կրթելու, դաստիարակելու գործերում մեծ ավանդի համար։ Ոստիկանության պետն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մարզիկներին Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու և եռագույնը ծածանելու համար՝ ընդգծելով, որ դա ևս հայրենիքին մատուցած ծառայություն է, քանի որ պետությունը ճանաչվում է նաև մարզիկների շնորհիվ։ 

Հիշարժան հանդիպման ավարտին մասնակիցներն ու Վալերիյ Օսիպյանը լուսանկարվեցին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am