Նուբարաշենի պոլիկլինիկայում բացվել է երեխաների ժամանցի սենյակ

Armenpress 20:08, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը մասնակցել է Նուբարաշենի պոլիկլինիկայի մանկական խաղասենյակի բացման հանդիսավոր արարողությանը:  Նուբարաշենցիներին բժշկական ծառայություններ մատուցող առաջնային օղակի միակ հաստատությունը փոքրիկ այցելուների համար մինչ օրս խաղասենյակ չուներ: Խնդիրը սեփական միջոցներովը լուծել է վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը՝ ստուգայցերից մեկի ժամանակ համոզվելով դրա կարևորության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, պոլիկլինիկայի սենյակներից մեկը գունազարդվել և կահավորել է  մանկական գույքով: Արդեն  կյանքի կոչված այս նախաձեռնության շնորհիվ այսուհետ ձանձրանալու առիթ չեն ունենա ոչ միայն բուժզննության կարիք ունեցող երեխաները, այլև պարզապես ծնողների ուղեկցությամբ բուժհաստատություն եկած երեխաները:  

«Մաղթում եմ, որ մեր բալիկները պոլիկլինիկաներ գան միայն պարբերաբար իրականացվող պարտադիր բուժզննության համար, իսկ գալու դեպքում էլ այս սենյակում տարվեն խաղերով ու անգամ մոռանան, թե ուր և ինչ նպատակով են եկել»,- նշել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Մանկական խաղասենյակի բացումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է պոլիկլինիկայի տարածում, եղել մասնագիտական սենյակներում: Քաղաքապետի տեղակալին տնօրեն Գայանե Մարգարյանը պատմել է առաջիկա անելիքների մասին՝ բուժհաստատության արդիականացման և բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդլայնման տեսակետից: Սերգեյ Հարությունյանը առանձին խնդիրների լուծման առնչությամբ ներկայացրել է իր դիտարկումները: «Որպես առաջնային օղակի բուժհաստատություն՝ չափազանց կարևորում եմ ձեր առաքելության պատշաճ կազմակերպումը, որպեսզի  ճիշտ ախտորոշմամբ  կանխարգելվի այս կամ այն հիվանդության տարածումն ու հիվանդանոցային բուժումը: Եթե պոլիկլինիկան ճիշտ աշխատի, մեր ապագա սերունդն էլ կլինի ավելի առողջ:  Հուսով եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի»- իր խոսքը եզրափակել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am