Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը

Armenpress 19:37, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել զոհերի հիշատակը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցել է հոգեհանգստի կարգ:

Այնուհետեւ Արա Բաբլոյանն այցելել է Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ, ծաղիկներ խոնարհել աշխարհահռչակ շանսոնյեի արձանին:

Այցի շրջանակում ԱԺ նախագահը դիտել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված ցուցադրական վարժանքը:

Ազգային ժողովի նախագահը մասնակցել է նաեւ «Սաստեքս» ընկերության Գյումրու մասնաճյուղի բացման արարողությանը, շրջել ձեռնարկության տարածքում, ծանոթացել պայմաններին:

Ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին, ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը, նշել է, որ ընկերությունը փորձ է անում վերականգնել տեքստիլ արդյունաբերական երբեմնի ներուժը: Մասնաճյուղում այժմ աշխատում է 150 հոգի, կարվում է բանվորական հագուստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am