1000х90.jpg (78 KB)

Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ

Armenpress 17:54, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

Անդրադարձ կատարվեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Երկուստեք կարևորվեց «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շարունակականությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Թոմաս Գրեմինգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ: Արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու ազատ, արդար ընտրությունների անցկացումը։

Զրուցակիցներն անդարդարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հնգակողմ հայտարարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am