Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտնել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն

Armenpress 17:33, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով  քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զոհրաբ Մնացականյանն անդարդարձավ Հայասատանի վերջին ներքաղաքական զարգացումներին, ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության նախաձեռնած բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություննների համատեքստում վերահաստատեց կառավարության հանձնառությունն ազատ, արդար և ժողովրդի կամքն արտահայտող ընտրական գործընթացի ապահովմանը: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի կառավարության գերակայություններից է նաև զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները՝ այս առումով կարևորելով ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության հետագա խորացումը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am