Գերմանական ընկերությունը Հայաստանում ստեղծում է 200 աշխատատեղ

Armenpress 16:04, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CMX Solutions կազմակերպությունն այսուհետև իր գործունեությունն է սկսում նաև Երևանում: Ներկայում այն ստեղծել է 60 աշխատատեղ, սակայն դրանց թիվը հասցնելու է մինչ 200-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպության հանդիսավոր մեկնարկին ելույթով հանդես եկավ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարսել Զեքիրին:

«Մեր ընկերությունը շատ արագ է ընդլայնվում: Սա ընկերություն է երիտասարդ, դինամիկ մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխատել և որևէ կերպ օգտակար լինել: Մենք ընտրեցինք Հայաստանը, քանի որ տեսանք, որ մարդիկ պատրաստակամ են այստեղ: Շատ երիտասարդներ են ավարտում համալսարանը, սակայն աշխատաշուկան փոքր է, և սա լավ հնարավորություն է նրանց համար: Հայաստանը ներկայում հրապուրիչ է ներդրողների համար ողջ Արևելյան Եվրոպայում: Դա համապատասխանում է մեր կարիքներին:  Նպատակ ունենք մեր գործունեությունը Հայաստանում ընդլայնել: Մեր թիրախն է մինչև մյուս դեկտեմբեր 200 աշխատող ունենալ, արդեն ունենք 60 աշխատակից»,-ասաց Զեքիրին ու հավելեց՝ իրենց նպատակն է դանդաղ, սակայն կայուն կերպով զարգանալ:

Ընկերությունը մատուցում է ծառայություններ թե՛ անհատներին և թե՛ կազմակերպություններին՝ աջակցելով հաճախորդներին անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, իսպաներեն լեզուներով` հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների, հաղորդագրությունների և սոցիալական ցանցերի միջոցներով: CMX Solutions-ը ձգտում է կատարելության և արտերկրյա հաճախորդներին տրամադրում է բարձրակարգ ծառայություններ:

Զեքիրին նշեց, որ Հայաստանում մարդիկ, ովքեր տիրապետում են օտար լեզուների, ոչ միայն կաշխատեն իրենց համար, այլ նաև կմասնակցեն իրենց կազմակերպած սեմինարներին։  «Շատ երիտասարդներ են ջանում աշխատանք գտնել, սակայն ընկերությունները հիմնականում պահանջում են 3-5 տարվա աշխատանքային փորձ, իսկ մեր ընկերությունը երիտասարդների համար է, ովքեր նոր են ավարտել համալսարան և մեծ փորձ չունեն: Մենք ինքներս ենք նրանց հետ սեմինարներ անցկացնում, զարգացնում նրանց կարողությունները»,-նշեց Զեքիրին:

 Նա նշեց, որ մարդիկ աշխատելու են հաճախորդների սպասարկման ծառայությունների ոլորտում, զանգերի կենտրոնում: «Օրինակ՝ եթե մեկը ցանկանում է փոխել չվերթի տոմսը, մեր հայաստանյան մասնաճյուղը կօգնի պլանավորել իրենց չվերթը, փոփոխել ժամը: Հայաստանցիները կօգնեն գերմանացի հաճախորդներին»,-ասաց Մարսել Զեքիրինը:

Տեղական գրասենյակի գործառնությունների ղեկավար Արևիկ Հակոբյանը նշեց, թե հպարտանում են, որ հնարավորություն են ընձեռում Հայաստանի գերմանախոս մասնագետներին միանալ իրենց կազմակերպությանը, աշխատանք գտնել:

SMX Soultion-ը ստեղծվել է 2012-ին Ֆրանկֆուրտում, իսկ արդեն 2013-ին ծառայությունների առաջին կենտրոնն են ստեղծել Գերմանիայից դուրս:  Ընկերությունը մասնաճյուղեր ունի Սկոպյեում (Մակեդոնիա), Թբիլիսիում: Կովկասում երկու տարվա ներկայությունից հետո որոշել են տարածաշրջանում ընդլայնել իրենց գործունեությունն ու զարգանալ: CMX Solutions-ը հավատում է, որ երջանիկ աշխատակիցները բարձրակարգ սպասարկման մշակույթի և դրական փորձառության կրողներն են, և հատկապես բարձր է գնահատում որակյալ, բարձր մոտիվացված և միշտ վերապատրաստված անձնակազմի դերը: Կազմակերպության գործակալներն ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են առնվազն երեք լեզվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am