1000х90.jpg (78 KB)

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ․ կառույցի և Հայաստանի առաջնահերթությունները

Armenpress 09:59, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: 2018թ. ամփոփիչ այս նիստի ընթացքում քննարկվել են ինչպես ԵԱՏՄ-ում նախորդ տարվա տարեկան աշխատանքները, այնպես էլ ուրվագծվել են եվրասիական ինտեգրացիայի հետագա հեռանկարները և հաջորդ տարիներին կառույցի համար նախանշվող գերակայությունների շրջանակները։ Մասնավորապես, կարևորվել են առևտրի ծավալների մեծացումը և դրան խոչընդոտող գործոնների վերացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, ֆինանսական համակարգերի մոտարկման հեռանկարները, թվային օրակարգի կյանքի կոչումը, էներգետիկ ոլորտը, մասնավորապես՝ նավթագազային ընդհանուր շուկայի ստեղծման հարցը ։

Նիստի արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները ստորագրել են 18 փաստաթուղթ, այդ թվում նաև՝ Միության 2019թ. բյուջեն, «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը», «ԵԱՏՄ-ի 2019թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշումը, «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումը, «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումը, «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին» որոշումը, «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու» մասին որոշումը և այլն։

Խորհրդի նիստին ելույթով  հանդես է եկել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Ն․Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության տեսլականը եվրասիական ինտեգրացիային Հայաստանի մասնակցության վերաբերյալ՝ դա անվանելով Հայաստանի գերակայություններից մեկը։ Հայաստանի անունից վարչապետի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել «գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար»։ Ն. Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման համատեքստում՝ մատնանշելով վերջին ամիսների ընթացքում ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը։ Նա ընդգծել է նաև գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը՝ դա համարելով ինտեգրացիայի խորացման կարևոր պայմաններից մեկը։ Վարչապետի պաշտոնակատարը հատկապես առանձնացրել է Հայաստանի արձանագրած հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Այս բնագավառում Հայաստանը կարող է իր արժեքավոր ներդրումն ունենալ ԵԱՏՄ-ում ՏՏ ոլորտի զարգացման գործում։

Հայաստանի համար բավական կարևոր է նաև երրորդ կողմերի հետ ԵԱՏՄ գործընկերությունը, այդ թվում՝ Եվրոպական միության և Իրանի հետ, ինչը ևս ընդգծվեց Ն․Փաշինյանի խոսքում։ Հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ ինչպես ԵԱՏՄ-ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարցում։ Հաշվի առնելով Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններում՝ վարչապետի պաշտոնակատարը երկրի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ դերակատարում ունենալ նաև Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Սա բազմիցս ընդգծվել է նաև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

Ն․Փաշինյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացվածության հարցի կարգավորման անհրաժեշտության վրա, քանի որ ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման արդյունքում որոշակի իրավական հակասություն է առաջացել ՀՀ օրենսդրության և ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթի միջև, որի վերանայումն, ի դեպ, ևս ԵԱՏՄ օրակարգային հարցերից է։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել 2019թ․ ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին, ինչը ոչ միայն բավական լուրջ պատասխանատվություն է երկրի համար, այլ նաև հավելյալ հնարավորություններ է ստեղծում:

 Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում հնարավոր տնտեսական համագործակցությանը, մասնավորապես՝ ներդրումային տարբեր նախագծերի իրականացմանը։ Այս համատեքստում բավական կարևոր է, որ հայ գործարարները բարձրաձայնել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները: Նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են ստեղծում վեր հանել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործունեության համար առկա գործնական խոչընդոտները՝ դրանց հաղթահարման համար համապատասխան լուծումներ գտնելու և առկա թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։ Անդրադարձ է եղել նաև առկա լոգիստիկ խնդիրներին, որոնք ևս, ըստ Ն․Փաշինյանի, գտնվում են քննարկումների օրակարգում։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2019թ. մայիսին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, սակայն 2019թ․ խորհրդի նիստերից մեկը, հավանաբար, կանցկացվի Հայաստանում։ 

Վարդուհի Հարությունյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am