1000х90.jpg (78 KB)

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ձեռք են բերել 2019թ. սկզբին հանդիպելու պայմանավորվածություն

Armenpress 18:25, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և զոհերի մասին լուրերի զգալի նվազումը  Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո:  Համանախագահները դիմել են կողմերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու  և երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով:  Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կարող է վերսկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կոնկրետ արդյունքների  միտված ինտենսիվ երկխոսությունը՝ հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը հասնելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի  պաշտոնակատարը վերահաստատել են հետագա լարվածությունը թուլացնելու և հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ևս մեկ անգամ հանդիպել 2019թ. սկզբին: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am