Հանրահայտ ֆուտբոլային մարզիչ Խինես Մելենդեսը սեմինար անցկացրեց Երևանում

Armenpress 02:26, 6 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը Երևանում կայացած սեմինարի ընթացքում հայաստանցի 40 մարզիչների հետ քննարկեց ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀՖՖ-ն: Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է: Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19): Մելենդեսը վերջին տարիներին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: 

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած սեմինարի ընթացքում Խինես Մելենդեսը ներկայացրեց Աշխարհի վերջին 3 առաջնությունների տակտիկական վերլուծությունը՝ անդրադառնալով համակարգային և տեխնիկական մի շարք նրբությունների: Հայ մարզիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի մասնագետին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Խինես Մելենդեսը ևս մեկ սեմինար կանցկացնի Երևանում՝ դեկտեմբերի 7-ին:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am