Նիկոլ Փաշինյանը գաղտնալսման նոր ձայնագրության հրապարակումը հակահեղափոխության դրսևորում է համարում

Armenpress 19:06, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հայրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ միացմամբ խոսել է իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցների նոր հրապարակման մասին: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ տեսանյութը հրապարակվել է այն պատճառով, որ «կոռումպացված համակարգի շուրջ օղակը գնալով սեղմվում է»:

«Կոռումպացված համակարգը տեսնում է, որ այն, ինչ խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից հետո: Այս գաղտնալսումները հրապարակվում են՝ փրկության օղակ գտնելու նպատակով:

Նախկինում ասել եմ և պնդում եմ, որ սա, ըստ էության, հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության նկատմամբ, այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ է արել ՀՀ քաղաքացիներին՝ անկախ եղանակային պայմաններից դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 4 քվեաթերթիկը: «Ուզում եմ հիշեցնել, որ սա առաջին հերթին վարչապետի ընտրություններ են: Հույս ունեմ ՀՀ քաղաքացիներից ստանալ շատ ուժեղ մանդատ՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, վերադարձնելու ժողովրդից գողացվածն ու ջախջախիչ հակահարված հասցնելու Հայաստանի ժողովրդի դեմ սանձազերծված այս պատերազմին»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հայտնել է, որ գաղտնալսումը մոնտաժված է, կտրտված, հանված են որոշակի դրվագներ: «Հանված են այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ասում է, որ դատավորը վախեցած է, և ես ասում եմ՝ ինչ է նշանակում վախեցած է, դուք ԱԱԾ-ն եք, և պարտավոր եք պաշտպանել դատավորներին: Ես ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ և՛ ԱԱԾ պետի, և՛ ՀՔԾ գործողությունները, խոսակցությունների բովանդակությունը տեղավորվում է նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակում»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ կատարվածը հակահեղափոխության դրսևորում է, և որևէ կասկած չկա, որ հակահեղափոխությանը և կոռուպմացված համակարգին սպասվում է ջախջախիչ պարտություն:

«Առաջիկա ընտրություններում կոչ եմ անում նաև քվեարկել հանուն դրա, քվեարկել իմ օգտին որպես վարչապետի թեկնածու և դրանով իսկ ինձ պատվիրակել, որ բոլոր կոռումպացվածներին բերենք դատարանի առաջ, իսկ փողերը՝ վերադարձնենք պետական գանձարան ու ծառայեցնենք Հայաստանի Հանրապետությանը և նրա բարեկեցությանը, ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և մեր ազգային երազանքների իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացին հաղթել է և այդ հաղթանակը տարվելու է մինչև վերջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am