Ինչ մոտեցումներ ունեն քաղաքական ուժերը ՀՀ հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ

Armenpress 15:37, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հետաքրքրական է հասկանալ, թե ինչպիսին է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների (ընդհանուր՝ 11) տեսլականը ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Իրանի, Վրաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ՀՀ քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են խմբավորված՝ հիմնված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ամրագրված տեսակետների վրա:

Հատկանշական է, որ ՀՀ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հիշատակում չկա «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում, որտեղ պարզապես ամրագրվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդիրցիական հարաբերությունների վրա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրում ևս չկա առանձին անդրադարձ տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, սակայն նշվում է, որ «հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրա­ցիական հարաբերություններն այլընտրանք չունեն»։

«Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նախընտրական ծրագրերում խոսվում է երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերություների մասին: Եթե ՀՀԿ նախընտրական ծրագրում միայն նշվում է Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիական փոխգործակցության կարևորության մասին, ապա «Լուսավոր Հայաստանը» շեշտում է, որ «պետք է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ամրապնդելու համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ՝ հիմնված փոխվստահության և գործընկերության շարունակական ամրապնդման և զարգացման վրա բոլոր ոլորտներում»։ «Սասնա ծռեր» կուսակցությունն էլ կարևորում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելը՝ հավելելով, որ «ժամանակն է կառուցել Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար»: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ այդ երկրի հետ հարաբերությունները պետք է հասցնել որակապես նոր մակարդակի:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրում չկա որևէ անդրադարձ Իրանի հետ հարաբերություններին: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նշվում է, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցել բարեկամության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Շեշտվում է, որ «բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»: Կուսակցության նախընտրական ծրագրում ընդգծվում է նաև «թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին դիմակայելու անհրաժեշտությունը»: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը ՀՅԴ-ն համարում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս՝ շեշտելով, որ պետք է բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն

«Իմ քալը» դաշինքը, «Ազգային առաջընթաց», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և «Մենք» դաշինքը բավական համապարփակ անդրադարձել են թե´ Իրանի, թե´ Վրաստանի և թե´ Թուրքիայի հետ հարաբերություններին: «Իմ քալը» դաշինքը նշում է, որ «պետք է ապահովել սահմանակից երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դաշինքի նախընտրական ծրագրում շեշտվում է, որ «Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտնումն է, ինչը հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակները որպես նախապայման չօգտագործելու դեպքում»։

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի գերակայության գաղափարի վրա և ուղղված լինի հարևան երկրների, հատկապես Վրաստանի ու Իրանի հետ, բարեկամական, փոխշահավետ և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը: Նշվում է, որ «այս հարաբերությունները պետք է նաև հնարավորինս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարից ու հակասություններից»։ Կուսակցությունը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է համարում նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ շեշտելով, որ «գործընթացը պետք է ներառի Թուրքիայի կառավարությանը փախհատուցման պահանջ ներկայացնելը»:

«Մենք» դաշինքը կարևորում է Իրան-Հայաստան բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունների զարգացումը՝ Իրանը համարելով Հայաստանի ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր: Դաշինքի նախընտրական ծրագրում ընդգծվում է նաև Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացման և ընդլայնման կարևորությունը: Շեշտվում է, որ «Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել»։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դաշինքի նախընտրական ծրագրում նշվում է, որ «Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթակա չեն որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում»: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներին և անկաշկանդ երկխոսությանն ուղղված միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման՝ «անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշումից»։

ՕԵԿ-ը կարևորում է «Իրանի և Վրաստանի հետ համակողմանի հարաբերությունները և տարածաշրջանային զարգացման շրջանակներում շարունակական համագործակցությունը»: Շեշտվում է նաև տարածաշրջանային խոշոր ծրագրերին մասնակցելու կարևորությունը՝ նշելով, որ պետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ միջազգային ֆինանսական կառույցներից, շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավման համար՝ կառուցելու Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղը, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղը, Հայաստան-Իրան ջրատարը, Իրան-Հայաստան երկաթգիծը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից նավթագործարան: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նշվում է, որ այդ երկրի հետ պետք է հաստատել դիվանագիտական հարաբերություններ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անդրադարձել է միայն Թուրքիայի հետ հարաբերություններին՝ հանդես գալով Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման: Շեշտվում է նաև, որ «կուսակցությունը հետևողականորեն հանդես է գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգծի շարունակականության օգտին»:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀՀ քաղաքական ուժերի հիմնական մասն իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել են Իրանի և Վրաստանի հետ ՀՀ հարաբերություններին: Հատկանշական է, որ բոլոր այդ քաղաքական ուժերի մոտ ընդգծված է այն թեզը, որ երկու հարևան երկրների հետ պետք է պահպանել բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև ընդլայնել առկա փոխգործակցությունը: Թուրքիայի հետ հարաբերություններին ևս որոշ քաղաքական ուժեր անդրադարձել են իրենց նախընտրական ծրագրերում՝ արտահայտելով այն հիմնական տեսակետը, որ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է դիտարկել միայն առանց նախապայմանների առաջադրման: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա թեմային անդրադարձած 4 քաղաքական ուժերը շեշտում են, որ պետք է առավել մեծ ջանքեր գործադրել Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:

Գրետա Ավետիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am