1000х90.jpg (78 KB)

Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանին

Armenpress 12:36, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հայտնի արվեստագետ, «Հայաստան» հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանի մեծարման երեկոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից,  իրանահայ նկարիչ, ռեստավրատորը «Հայաստան» համահայկական հիմնադրամի  այս տարվա հեռուստամարաթոնին հանգանակել էր 120 հազար ԱՄՆ դոլար:

Իրանում Հայաստանի դեսպանը Սեդրակ Նազարյանին հանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի գնահատանքի վկայականը: Դեսպան Արտաշես Թումանյանն ընդգծել է Սեդրակ Նազարյանի օրինակելի հայրենանվեր, համեստ և ազնիվ կեցվածքը: Բարերար արվեստագետը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ընդամենը կատարել է իր հոգու պարտքը և բացարձակապես չի ակնկալում իր անձի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունք կամ մեծարում: Անվանի նկարչին երախտիքի խոսք է հայտնել նաև Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:

Արվեստագետ Սեդրակ Նազարյանը հեղինակավոր անուն է Իրանում՝ որպես թանգարանային հին և արժեքավոր գեղանկարների նորոգման բնագավառում 40 տարվա վաստակ ունեցող մասնագետ: Նա միաժամանակ շուրջ 35 տարի դասավանդել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժնում: Վերջին տարիներին Սեդրակ Նազարյանը լիովին նվիրվել է թանգարանային գեղանկարների վերանորոգման աշխատանքին: Նա է իրականացրել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների վերամշակումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am