#ԿինոՇաբթի. «Ռոբին Հուդ. Սկիզբ»-ը և ևս 5 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում

Armenpress 21:00, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Նոյեմբերի 29-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 6 նոր ֆիլմ:

«Ռոբին Հուդ. Սկիզբ»

Խաչակրաց արշավանքների վետերան Ռոբինն ու նրա հրամանատար Մուրը վերադառնալով Բրիտանիա, հայրենիքը գտնում են կոռուպցիայի մեջ թաղված։ Միասին նրանք որոշում են փոխել գործերի ընթացքն ու սկսում են հեղափոխական գործընթացներ, որոնց կենտրոնում է հայտնվում խորհրդավոր մի ավազակ։

Ռեժիսոր` Օտտո Բաթհերսթ, դերերում՝ Թերոն Էջերթոն, Ջեյմի Ֆոքս, Իվ Հյուսոն և այլք:

«Կոլետ»

Վառ և տաղանդավոր Կոլետը հանճարեղ ստեղծագործություններ է գրում, որոնք նրա ամուսինը՝ Վիլլին, ներկայացնում է իր անվան ներքո: Գրքերը դառնում են բեսթսելերներ: Հաջողության հասնելու ճանապարհին հերոսուհին պայքարում է իր համբավի համար, այսպիսով մարտահրավեր նետելով ժամանակի գենդերային կարծրատիպերին:

Ռեժիսոր՝ Վոշ Վեսթմոլենդ, դերերում՝ Քիրա Նայթլի, Էլիանոր Թոմլինսոն, Դոմինիկ Ուեսթ և այլք:

«Սուսպիրիա»

Երիտասարդ ամերիկուհին, ընդունվելով Բեռլինի պարային խումբ, ժամանակի ընթացքում փորձասենյակի պատերին ինչ-որ տարօրինակ ու սարսափելի երևույթներ է նկատում։ Հասկանալով, որ պատկերները չարագուշակ են, նա հանկարծակիի է գալիս, իմանալով, որ անեծքի հաջորդ զոհն ինքն է լինելու։ Աղջկան մնում է բացահայտել առեղծվածային գաղտնիքը` այդպիսով փրկելով սեփական կյանքը։

Ռեժիսոր՝ Լուկա Գուադանինո, դերերում՝ Դակոտա Ջոնսոն, Թիլդա Սուինթոն, Դորիս Հիկ և այլք:

«Ուղեկցորդը»

Գլխավոր հերոսուհին՝ Կատյան, օժտված է մի առեղծվածային շնորհով՝ նա տեսնում է ուրվականների: Կատյան իր երկվորյակ քրոջ անհետանալուց հետո միայնակ է փնտրում քրոջը: Ոստիկանները վստահեցնում են աղջկան, որ նա քույր չունի և դա պարզապես նրա հիվանդ երևակայության արդյունքն է: Սակայն Կատյան հասկանում է, որ նրա քույրը դարձել է սերիական մարդասպանի զոհ...

Ռեժիսոր՝ Իլյա Մակսիմով, դերերում՝ Ալեքսանդրա Բորտիչ, Եվգենի Ցիգանով, Ալեքսանդր Ռոբակ և այլք:

«Սիսթերս եղբայրները»

Սիսթերս ազգանունով եղբայրներն առեղծվածային Կոմանդորի հրամանով պետք է վերացնեն ինչ-որ Ուրմի: Մարդասպանները գործի են անցում,առանց պատկերացնելու, թե ում հետ գործ ունեն: Սկսվում է կյանքի ու մահվան պայքար և անհայտ է, թե ով կդառնա հաղթող:

Ռեժիսոր՝ Ժակ Օդիար, դերերում՝ Ջեյք Ջիլենհոլ, Ջոն Սի Ռայլի, Հոաքին Ֆենիքս և այլք:

«Էլլիոթ»

Ծանոթացեք Էլլիոթի հետ, նա փոքրիկ ձի է և ունի մեծ երազանք: Էլլիոթը ցանկանում է Սանտայի եղջերուներից մեկը լինել և ուրախություն պարգևել երեխաներին: Նա ունի ընդամենը երեք օր ապացուցելու շրջապատի կենդանիներին, որ պատրաստ է ամեն ինչ անել՝ իր երազանքն իրականացնելու համար..

Ռեժիսոր՝ Ջենիֆեր Վեսթքոթ, դերերում` Ջոշ Հաթչերսոն, Մորենա Բաքարին, Ջոն Քլիզ և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am