Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին

Armenpress 19:49, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նա ընդգծել է, որ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը:

«Մենք մեր լիազորությունների շրջանակներում իրականացնելու ենք առավելագույնը՝ ընտրությունները բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», - նշել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ասել է, որ կարևորում է միջազգային դիտորդների ներկայությունը ընտրություններին, քանի որ, թեև երկրի իշխանությունները քաղաքական կամք ունեն՝ բացառելու նախկինում տարածում գտած ընտրախախտումները, սակայն դրսից հայացքը կօգնի հայտնաբերել և շտկել հնարավոր տեխնիկական բացթողումները:  

ԵԱՀԿ առաքելության դիտորդ Բոյանա Ժիվկովիչը նշել է, որ Հայաստանում ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնող խմբերի մոտ մեկ քառորդը աշխատելու է Երևանում:

 

ԵԱՀԿ առաքելության անդամները քաղաքապետարանի ներկայացուցիչներից ճշտել են Հայաստանում և մասնավորապես Երևանում հավաքների ազատության իրավունքի իրացման մեխանիզմները, ԿԸՀ և տարածքային հանձնաժողովների հետ տեխնիկական բնույթի հարցերում համագործակցության վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am