Թևան Պողոսյանը ԱԺ արտահերթ ընտրությունների հանգիստ քարոզարշավ է կանխատեսում

Armenpress 17:24, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը կանցնի հանդարտ և հանգիստ, ու բոլորը կկարողանան արտահայտել իրենց գաղափարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Ես կցանկանայի, որպեսզի մարդիկ ասեին՝ «ես այն վարչապետն եմ, ում առաջադրել է մեր քաղաքական ուժը ընտրությունների ժամանակ»: Կցանկանայի, որպեսզի լինեին վարչապետների թեկնածուների, կրթության, սոցիալական ոլորտների դեբատներ: Այսպիսով հնարավոր կլինի մի փոքր կանխատեսել, թե այս կամ այն կուսակցությանը ձայն տալով՝ ինչպիսի քաղաքական թիմ կձևավորվի»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ քննարկումների առիթ դարձած «սևերի և սպիտակների» բաժանման գաղափարը, կարծես թե, դարձել է որոշ կուսակցությունների նախընտրական քարոզչական մոտեցումը:

«Որոշ կուսակցություններ կարծում են, որ այդպիսով գուցե ձևավորեն այնպիսի ընկալում, որ, օրինակ՝ իրենք իսկապես կլինեն ընդդիմություն կամ հենց իրենք ենք իսկական ընդդիմությունը: Կա քաղաքական կուսակցություն, որն իր վրա ցանկանում է տանել «սև»-ի գաղափարը, իսկ մնացածն առայժմ միայն խոսում են լավ ծրագրերից և մոտեցումներից: Ամեն ինչ պարզ կլինի նոյեմբերի 26-ից հետո»,- ընդգծեց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ Թևան Պողոսյանը քաղաքական գործիչներին մաղթեց մշակել իրենց մոտեցումների նկարագիրը, որն իսկապես կխոսի իրենց ծրագրերի մասին:

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am