Աշոտ Թավադյանը Հայաստանում դրամավարկային բարեփոխումների քաղաքականության իրականացումը տեսնում է փուլային տարբերակով

Armenpress 15:52, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության բարեփոխումները անհրաժեշտ է իրականացնել փուլային տարբերակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի  21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:  Նրա խոսքով` 40 տարի առաջ Չինաստանը գտնվում էր վերափոխման փուլում և փայլուն կերպով կարողացավ դուրս գալ այդ վիճակից` փուլային տարբերակով ձևավորելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն:

«Չինաստանում առաջին հերթին մեծ նշանակություն են տալիս հստակ նպատակների ձևավորմանը, այդ նպատակներին հասնելու մեխանիզմների ձևավորմանը, և, որպես կանոն, այդ նպատակներին հասնելը կատարվում է փուլային տարբերակով: Դրանից ելնելով՝ ձևավորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն»,- ասաց Թավադյանը:

Նրա խոսքով` Հայաստանը  ներկայումս փոխում է իր հարկաբյուջետային քաղաքականությունը, բայց դա դեռ կրում է որոշակի իներցիոն բնույթ:

«Առայժմ մեր դրամավարկային քաղաքականությունը գտնվում է կարծրացած վիճակում: Հաշվի առնելով դա, իհարկե, դրամավարկային քաղաքականությունը փոփոխության կարիք ունի»,- ասաց նա:

Ըստ Թավադյանի` Չինաստանը ներկայումս իրականացնում է այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որը նպաստում է ներդրումներին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի լայն շրջանակի:

Գիտաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության և խորհրդարանի անդամներ, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am