Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան

Armenpress 10:47, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին՝ Արցախի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am