Գյումրիում ներկայացվեց «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիտահանրամատչելի գիրք-ալբոմը
ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցավ երկրաբանական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիտահանրամատչելի գիրք-ալբոմի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են կորուստները, սեյսմաբանական ու երկրաբանական հետեւանքները, ետերկրաշարժյան իրավիճակը, տարբեր տիպի շենքերի վնասվելու վիճակագրությունը: Գիրք-ալբոմի նպատակն է նպաստել սեյսմիկ պաշտպանության կազմակերպմանը, որպեսզի չկրկնվի Սպիտակի ողբերգությունը:«Վաղուց անհրաժեշտություն կար հավաքելու, համակարգելու ու մեկնաբանելու այն, ինչ առավել կարևոր էր Սպիտակի երկրաշարժի մասին, ինչի կարիքը զգում էին ինչպես հասարակ քաղաքացիներն, այնպես էլ մասնագետները: Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չեն: Կային լուրջ բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հեղինակը: Գրքի շնորհանդեսը կայացել է նաեւ Երեւանում: Գիրք-ալբոմն իր բովանդակությամբ յուրահատուկ է, քանի որ ընդգրկում է երկրաշարժին վերաբերող առավել կարեւոր ոլորտները՝ 30 տարվա ժամանակահատվածի համար: Գրքում ավելի քան հարյուր լուսանկարներ են հրապարակվել, մեծ թվով փաստացի տվյալներ, 50-ից ավելի քարտեզներ: Գիրք-ալբոմը թարգմանված է անգլերեն:Գիրքը երաշխավորված է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտատեխնիկական խորհուրդների որոշմամբ:
Արմենուհի Մխոյան