Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

Armenpress 20:32, 20 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից,  խորհրդարանի ղեկավարը եւ քաղաքապետը շրջայց են կատարել մանկապարտեզում, ծանոթացել զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ: Մանկապարտեզն ընդունել է 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով:

Օրենսդիր մարմնի ղեկավարը շրջայցի ընթացքում քաղաքապետին ծանոթացրել է բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելին: Ըստ Արա Բաբլոյանի` հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորագույն բաղադրիչներից է առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչն ապահովում է լավագույն արդյունք: Նա ընդգծել է, որ երեխաները նման մանկապարտեզներում ստանում են եւ՛ կրթություն, եւ՛ խնամք, եւ՛ համապատասխան բուժաջակցություն, ինչը դյուրացնում է կրթության հետագա կազմակերպումը ներառական դպրոցներում եւ մասնագիտական հմտությունների ձեռքբերումը` ապահովելով գործընթացի շարունակականությունը:

Լինելով Հայաստանում բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելի նախաձեռնողներից եւ ջատագովներից մեկը` Արա Բաբլոյանն այս գործընթացում կարեւորել է միջգերատեսչական համագործակցությունը` համատեղելով առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաեւ համայնքային կառույցների ջանքերը:

Բազմամասնագիտական թիմի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը՝ նշելով, որ մոդելի կիրառման փորձով հետաքրքրված են նաեւ այլ երկրներ:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել համանման մանկապարտեզների անհրաժեշտությունը երեխաների կարողությունների զարգացման հարցում: Ըստ նրա՝ դա հնարավորություն է տալիս երեխաներին ինտեգրվել հասարակությանը: Քաղաքապետը կարեւորել է այդպիսի հաստատությունների ստեղծումը մայրաքաղաքում` նշելով, որ առաջին փուլում դրանք կարելի է հիմնել Երեւանի 4 շրջաններում` հետագայում ընդլայնելով ցանցը:

Գաղափարի իրագործմանն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:

Շրջայցին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, Երեւանի ավագանու անդամներ Պավել Մազմանյանը եւ Սերգեյ Սարգսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Շուշան Դավթյանը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am