Քրտնաջան և թափանցիկ աշխատանք` բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

Armenpress 20:24, 20 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաքապետարանի լրատվական ծառայությունից, շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին՝ ապօրինի շինարարարություն, կանաչապատում, անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված աշխատանք և այլն, խնդիրներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում: Որպես ամենացայտուն օրինակ՝ քաղաքապետը մատնացույց է արել փաստը, որ հենց վարչական շրջանի աշխատակազմի շենքի դիմաց փաստացի անօրինական ավտոկայանատեղի է գործում, որտեղ մուտք գործելու համար մեքենաները որոշ տարածություն հետիոտնային երթևեկելի հատվածով են անցնում:

«Մենք  չենք կարող օրինականություն պահանջել քաղաքացիներից, եթե մենք ինքներս խախտում ենք օրենքը, անհարմարություն ստեղծում քաղաքացիների համար և խաթարում ենք նրանց անվտանգ երթևեկությունը», - ասել է քաղաքապետը՝ կարգադրելով անհապաղ վերացնել անօրինական կայանման դեպքերը:

Դիմելով վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին ու աշխատակազմին՝ Հայկ Մարությանն ընդգծել է նաև, որ բնակչության հետ ամենօրյա շփումներում ակնկալում է քրտնաջան աշխատանք և թափանցիկ գործելաոճ:

«Այսօր այն պահն է, որ պետք է առավելագույն եռանդով աշխատենք: Քաղաքի խնդիրներն այնքան շատ են, որ պետք է աշխատել մեծ լարումով՝ հասնելու համար այն զրոյական կետին, որտեղից նոր պետք է շարունակենք վերընթաց զարգացումը», - ասել է քաղաքապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am