Տրանսպորտի նախարարությունում քննարկել են Արցախի հետ գործակցութանն առնչվող հարցեր

Armenpress 19:10, 20 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանին և նախարարության տրանսպորտի վարչության պետ Արայիկ Պողոսյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկու հայկական պետությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի մի շարք դրույթներին, գործակցության շրջանակներն ընդլայնելու գործնական քայլերին։
Քննարկվեցին միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, տաքսի ծառայություններին, մեքենաների տեխզննությանը, ավտոկայանների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Արմեն Փամբուխչյանը  արցախցի գործընկերներին ներկայացրեց նաև փոխադրումների ոլորտում Հայաստանի վերջին շրջանի փորձը, մանրամասնեց միասնական երթուղային ցանցի, միասնական օպերատորի ծրագրի ներդրման հետ կապված մի շարք հարցեր։ Քննարկվեց դրանք Արցախում ևս կիրառելու հնարավորությունները։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am