Շիրակի ուսհաստատություններում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 19 քրեական գործ. վերականգնվել է 16 մլն դրամի վնաս

Armenpress 18:07, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի վարչական տարածքում, 2018թ. ընթացքում, նոյեմբերի 20-ի դրությամբ, Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է, ընդհանուր առմամբ, 19 քրեական գործ, որոնցից 18-ով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ մեկի վարույթը  կարճվել  է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործերի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել 14 անձանց՝  (բուհի պրոռեկտոր, ինստիտուտի մասնագետներ, դպրոցների և ուսումնարանների տնօրեններ և փոխտնօրեններ)։

Քրեական գործերի շրջանակում վերականգնվել է 16 մլն 17 հազար 869 ՀՀ դրամի նյութական վնաս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am