Վարչապետի պաշտոնակատարը կարևորում է կադրային բանկ ունենալու գաղափարը

Armenpress 15:17, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ խորհրդարանական խումբ է ստեղծվել, որը կստանձնի կադրային բանկ ունենալու նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ կադրային բանկում ընդգրկված մարդիկ, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն պետական կառավարման համակարգում:

«Կադրային բանկը շատ կարևոր է մեզ համար: Մարդիկ իրենց ծրագրերով հայտ կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյա դառնալու համար: Այն մարդիկ, ովքեր այդ խողովակով չեն կարողանա իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը, իրենք այլ խողովակ էլ կունենան, որպեսզի կարողանան հասնել կառավարություն, վարչապետին»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ իրենք ամենաշատն ենք շահագրգռված, որ լավագույն մասնագետներն իրենց լավագույն գաղափարներով գան և մասնակցեն գործընթացին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը փաստեց, որ Ազգային ժողովով ամեն ինչ ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում: «Բազմաթիվ ուրիշ կառույցներ կան, և մենք կաշխատենք լավագույն ներուժը օգտագործել: Մենք ակնկալում ենք, որ կստանանք մեր ժողովրդի վստահության քվեն և խորհրդարանում կունենանք մեծամասնություն»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ժողովրդի տված մանդատը շատ հստակ կլինի, և իրենք  ի վիճակի կլինեն իրենց առաջ դրված խնդիրը լուծել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am