Երևանի մնջախաղի պետական թատրոնի տեղակայման համար նոր տարածք է առաջարկվել

Armenpress 13:07, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին ու թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանին թատրոնի տեղակայման նոր տարածք է ներկայացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, 5 հասցեում /Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում/, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:

Հանդիպման ընթացքում շրջայց է կատարվել եռահարկ շենքում, քննարկվել է թատրոնը նշված վայրում տեղակայելու հնարավորության հարցը: Թատրոնի ղեկավարությունը մեծ գոհունակությամբ է ընդունել նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ շենքը որպես թատրոնի գործունեության նոր հասցե դիտարկելու առաջարկը:

Նախարարի պաշտոնակատարը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրել է, որ նախարարությունը սահմանված կարգով կդիմի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am