1000х90.jpg (78 KB)

Երևանի քաղաքապետը Վալերի Պեկրեսին առաջարկել է 2021 թվականի «Սպրինտ» գագաթնաժողովը անցկացնել Երևանում

Armenpress 21:58, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը միացավ «Սպրինտ» ֆրանկոֆոն ինկուբատորների ցանցին, որը, որպես մոդել, խթանում է սոցիալական, կայուն ձեռնարկատիրությունը Իլ դը Ֆրանս տարածաշրջանի համագործակցության համար գերակա գոտիներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը նշեց, որ Երևանը 8-րդ գործընկերն է միջազգային ինկուբատորային ցանցի, որի մեջ մտնում են Ալժիրը, Կոտ դ՛Իվուարը, Մադագասկարը, Սենեգալը, Թունիսը և Լիբանանը:

«Այս ցանցի  նպատակն այն է, որ ստարտափները կարողանան իրենց արտադրանքը ներմուծել տարբեր երկրների շուկաներ: Երևանի քաղաքապետն ինձ առաջարկել է 2021 թվականի «Սպրինտ» տարեկան գագաթնաժողովը անցկացնել  Երևանում: Այս տարի այն տեղի կունենա Բեյրութում»,- ասաց Պեկրեսը:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահը նաև ցանկություն է հայտնել օժանդակել հայկական ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը:

«Նոր ճանապարհային քարտեզը մենք ստորագրեցինք Երևանի քաղաքապետ Հայ Մարությանի հետ,  որտեղ արծարծվել են Խելացի քաղաքների թեմաները»,- տեղեկացրեց Պեկրեսը:

Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Երևանի քաղաքային տրանսպորտի և աղբահանության խնդիրները:

«Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պլանավորման և քաղաքային հատակագծման ինստիտուտի գլխավոր տնօրեն Ֆուադ Ավադան իր աշխատաթիմով կվերադառնա Երևան և կուսումնասիրի իրավիճակը քաղաքային տրանսպորտի ոլորտում: Նրանք իրենց մասնագիտական խորհուրդը կփոխանցեն Երևանի քաղաքապետարանին»,- ասաց Պեկրեսը:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, առաջին փոխնախագահ, ինստիտուցիոնալ ռազմավարության և միջազգային հարաբերությունների պատասխանատու Ժերոմ Շարտիեն և բնապահպանության և կայուն զարգացման հարցերի պատասխանատու Ժան-Ֆիլիպ Դյուգուեն-Կլեմանը նոյեմբերի 18-19-ը գտնվում էին Երևանում:

Այցի շրջանակներում Վալերի Պեկրեսը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ և ստորագրել Երևան-Իլ դը Ֆրանս 2018-2021թթ.-ի համար համագործակցության ճանապարհային քարտեզը (գործողությունների ծրագրի, որով նախանշվում են հետագա համագործակցության հիմնական բնագավառները՝ կայուն պլանավորում և քաղաքաշինություն (ուրբանիզմ), նորարարություն և նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն և ֆրանկոֆոնիա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am