1000х90.jpg (78 KB)

«Շարժվի´ր ռիթմով» վարպետության դասով բացվեց «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Armenpress 20:32, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածի` «ԱրմմոնոPlus» թատերական երկրորդ փառատոնի ընթացքում նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ը Երևանի տարբեր հարթակներում կցուցադրվեն հետաքրքիր մոնոներկայացումներ, որոնք կարծարծեն հասարակության տարբեր շերտերին հուզող թեմաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԱրմմոնոPlus»-ը մեկնարկեց նոյեմբերի 19-ին «ԼատինԱրտ» ստուդիայում, որտեղ Հայաստանի սպորտային պարերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր Արտակ Զախարյանը «Շարժվի´ր ռիթմով» թեմայով վարպետության դաս անցկացրեց:

«Ներկաների հետ պարելու ենք սոցիալական պարեր` սալսա, բաչատա, որոնք շատ գեղեցիկ են: Կարծում եմ` անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունես, պետք է տիրապետես մարմնի արվեստին` պարին, որը հատկապես անհրաժեշտ է բեմում»,- նշեց Զախարյանը: Նա ասաց, որ իր համար պատիվ է, որ փառատոնը մեկնարկում է իր վարպետության դասով:

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով` «ԱրմմոնոPlus»-ի  շրջանակում նախատեսվում են ներկայացումների առաջնախաղեր, հետաքրքիր վարպետության դասեր: «Սա փառատոն-լաբորատորիա է, և կյանքը շարժում է, այն ամեն վայրկյան փոխվում է, զարգանում և այս վարպետության դասը խորհրդանշական է մեր փառատոնի համար»,-շեշտեց Մխիթարյանը:

Փառատոնի ծրագրում ներառված են Նարեկ Բաղդասարյանի «ՀամլետMachin», Տաթև Ղազարյանի «Սովորական օր», Նորա Բադալյանի «Լեդի Մակբեթ», Արմեն Քուշկյանի «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին», Վալենտինա Դավիթավյանի «Ուղղակի Ֆրիդա», Դավիթ Աբրահամյանի «Թթվածին», Աքսաննա Բաբաջանյանի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս», Ռուզաննա Պողոսյանի «Ժաննա դը Արկ»  և Հասմիկ Հարությունյանի «Համբարձման գիշեր» ներկայացումները:

«ԱրմմոնոPlus»-ի շրջանակում «Լոֆթ»-ում հանդիպում է նախատեսվում հոգեբան Եվա Օհանյանի հետ։ Նա կզրուցի «Թատրոնը հոգեբանի աչքերով» թեմայի շուրջ: Վերջերս Շվեյցարիայից վերադարձած բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը կանդրադառնա բեմանկարչի աշխատանքի առանձնահատկություններին։ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը երիտասարդ դերասանների հետ կխոսի «Խաղում ենք մոնոներկայացում» թեմայի շուրջ:

«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կընդգրկվեն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը կանցկացվի հաջորդ տարվա ապրիլի 28-ից մայիսի 2-ը: «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Փոքր թատրոնում, ՀԹԳՄ-ում, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում և «Լոֆթ»-ում։ Ներկայացումների մուտքն անվճար է:

Փառատոնն իրականացնում է «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am