Երևանի կենդանաբանական այգու տնօրենի խոսքով՝ իր դեմ բողոքողները ժամանակին այգում բիզնես շահեր են հետապնդել

Armenpress 19:46, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ իր դեմ բողոքողների մի մասը առաջնորդվում է բիզնես շահերով: Նրա հավաստմամբ՝ այդ մարդիկ ժամանակին հնարավորություն են ունեցել կենդանաբանական այգում տարբեր առիթներով գումար աշխատել, հիմա չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տնօրենն այս մասին ասաց նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով  իր հրաժարականի պահանջով աշխատակիցների բողոքի ակցիային:

«Իմ նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ քաղաքապետ է  փոխվում, բարձրանում է նման ալիք՝ փոխել տնօրենին: Ալիքի հետևում ամեն անգամ տարբեր մարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիների առևտրով: Բոլոր կետերը, որոնք ներկայացվել են տարբեր մարմիններին, զրպարտություն են: Բողոքողները հիմնականում բիզնես շահեր են հետապնդել, ժամանակին հնարավորություն են ունեցել այստեղ տարբեր առիթներով գումար աշխատել  և հիմա չունեն: Կային մարդիկ, ովքեր ժամանակին կենդանաբանական այգին օգտագործում էին սև շուկայից ձեռք բերված թղթաբանությունը մաքրելու համար»,- ասաց տնօրեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ իր դեմ ուղղված հիմնական մեղադրանքները վերաբերում են կենդանատեսակների թվաքանակի կտրուկ անկմանն ու իր ղեկավարած հիմնադրամի և այգու փոխկապակցվածությանը, տնօրենը պատասխանեց, որ 2011թ.-ից ի վեր հիմնադրամի աշխատանքի շնորհիվ կենդանաբանական այգուն է նվիրաբերվել ավելի քան  200 մլն դրամի թե՛ ծառայություն,  թե՛ ապրանք: Մենք չենք կարող չտեսնել այն փոփոխությանը, որին ենթարկվել է այգին:

Խաչատրյանը նշեց, որ աշխատակիցների վերապատրաստման համար մեծ ջանք են գործադրել: Իսկ աշխատավարձների համար բողոքող մարդիկ ամենաբարձր աշխատավարձերներն են ստանում:

Տնօրեն Խաչատրյանը Երևանի քաղաքապետարանին առաջարկել է  նաև լայնածավալ ուսումնասիրություններ անցկացնել կենդանաբանական այգում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի բողոքներում բերված դեպքերը և այգում տեղի ունեցած մի շարք երևույթների հետ կապված հանգամանքները:

Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am