Տիգրան Խաչատրյանը Շեյն Ռոզենտալի հետ քննարկել է ԱԶԲ տեխնիկական աջակցության արդյունավետությանն առնչվող հարցեր

Armenpress 18:40, 16 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարւոթյան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի պաշտոնակատարը նշել է․ «Ասիական զարգացման բանկը նախարարությանը էական և արդյունավետ աջակցություն ցուցաբերող կառույցներից մեկն է, հատկապես վերջին ժամանակահատվածում պետություն-մասնավոր գործընկերության մշակման աշխատանքներում, որտեղ բանկը օժանդակող առաջատար դեր է ստանձնել՝ կիսելով փորձը, հուշելով հնարավորությունները և այն սխալները, որոնցից անհրաժեշտ է խուսափել»։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է Բանկի հետ գործունեությունը թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումների մակարդակում համագործակցության, թե՛ իրական հատվածում իրականցվող ծրագրերի համատեքստում:

Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալը մտքեր են փոխանակել Հայաստանում արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական զինվածության և աշխատուժի քանակի, մասնագիտական գիտելիքների համաչափ բաշխվածության, տնտեսական աճի ներառականության և ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալն անդրադարձել են նաև ներդրումների ներգրավման հարցերին․ «Միջազգային մեր գործընկերների փորձառությունը մեզ անհրաժեշտ է՝ հասկանալու ներդրողների ցանկությունները և համապատախանաբար ճիշտ արձագանքելու նրանց կարիքներին»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ տեխնիկական աջակցության արդյունավետությանն առնչվող հարցեր, մասնավորապես «Բիզնես Արմենիա» հիմնադրամի կառուցվածքային և գործառութային փոփոխությունների շրջանակներում։  Այս համատեքստում անդրադարձ է եղել մասնավոր հատվածի հետ արդյունավետ երկխոսություն հաստատելու նպատակահարմար և արդյունավետ ձևաչափի ընտրությանը։

                                                                            



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am