Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել են Հայաստան

Armenpress 18:30, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:

Պատվիրակությունը հանդիպեց արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am