Եվրոպայի խորհուրդը Երևանում ներկայացրեց թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուղեցույցը

Armenpress 18:06, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը շնորհանդես-քննարկմամբ նոյեմբերի 16-ին ներկայացրեց ԵԽ նախարարների կոմիտեի հաստատած «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու վերաբերյալ» ուղեցույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով խոսեց թվային միջավայրում երեխաների պաշտպանության խնդիրների մասին:

«Մեզ համար կարևոր է երեխաների պաշտպանությունը թվային միջավայրում: Արդիական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում հնարավոր չէ  երեխային ընդհանրապես զրկել և չի էլ կարելի զրկել համացանցից օգտվելու որևէ հնարավորությունից, որովհետև թվային միջավայրը, իհարկե, կրթության, ինքնակրթվելու ու զարգանալու հետ ուղիղ առնչություն ունի: Բայց, մյուս կողմից, մենք պետք է նկատի ունենանք, որ մեզ համար չափազանց կարևոր է երեխայի լավագույն շահը, իսկ կոնկրետ իրավիճակում պետք է հաշվի առնենք, որ երեխայի լավագույն շահը պետք է լինի նրա պաշտպանությունը: Մենք պետք է ճիշտ հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել միջինը` չզրկել երեխաներին համացանցից գիտելիք ստանալու հնարավորությունից, միաժամանակ նրան պաշտպանելով համացանցի վնասակար կողմերից»,- նշեց Արման Թաթոյանը:

«Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու վերաբերյալ» ուղեցույցը ներկայացրեց Երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետ Ջուլիա Շիկլայը։ Այն երեխաներին կիրազեկի, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել թվային միջավայրում, իսկ ծնողներին` ինչպես պաշտպանել երեխաներին համացանցի վնասակար կողմերից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am