Տեղի է ունեցել«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացումը

Armenpress 18:28, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում տեղի է ունեցել«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացումը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, գործատուներ, մրցույթին մասնակից քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով մասնակիցներին` ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը խթանելու կարևոր քայլերից է. «Երբ դիտարկում ենք առաջադեմ երկրների, օրինակ Գերմանիայի տնտեսության զարգացման փորձը, տեսնում ենք, որ այնտեղ մեծ տեղ է հատկացվում արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը: Այս ոլորտն ավելի կարճ ժամանակահատվածում պատրաստում է մասնագետներ աշխատաշուկայի համար:

Այսօր մենք Հայաստանում ունենք գործազրկության բարձր մակարդակ, բայց միաժամանակ բազմաթիվ մասնագիտություններով գործատուները չեն կարողանում գտնել աշխատողներ` օրինակ զոդողներ, կարող վարպետներ և ընդհանրապես որակյալ արհեստավոր մասնագետներ: Այժմ մենք նպատակ ունենք սերտացնել համագործակցությունը գործատուների հետ: Բոլոր քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում այս պահին ընդգրկված են գործատուներ, սակայն դա ցանկալի արդյունք դեռևս չի ապահովում: Մենք այժմ փորձում ենք ներդնել պայմանագրային համագործակցության մոդելը և այդ համատեքստում արդեն ունենք կնքված պայմանագրեր: Ուզում ենք մեծ ուշադրություն դարձնել նաև գերմանական և ավստրիական մոդելի վրա հիմնված դուալ կրթության համակարգի զարգացմանը:

Մի շարք քոլեջներում և ուսումնարաններում դուալ կրթության համակարգը փորձնական նպատակով արդեն ներդրված է և հույս ունենք, որ առաջիկայում այն ավելի լայն տարածում կստանա: Դուալ կրթությունն աշխատանքի վրա հիմնված կրթություն է, երբ սովորողն ուսումնառության ընթացքում ստանում է տեսական գիտելիքներ` մոտ 30 տոկոս, իսկ մնացած հմտությունները ստանում է պրակտիկ փորձով` աշխատելով գործատուի մոտ: Քոլեջը կամ ուսումնարանն ավարտելիս նա արդեն աշխատանքային փորձ ունեցող մասնագետ է և կարող է մտնել աշխատաշուկա: Այս տեսանկյունից գործատուները պետք է հասկանան, որ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ներգրավվելով` իրենք սպասարկում են նաև սեփական բիզնես շահերը: Դա փոխշահավետ համագործակցություն է, որտեղ կրթական համակարգն ունի իր շահերը, գործատուն` իր: Երկարաժամկետ պլանավորման մեջ գործատուն անպայման պետք է կարևորի որակյալ մասնագետների խնդիրը»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ բուհական համակարգում ավելի քան 15 տարվա դասախոսական փորձից ելնելով կարող է փաստել, որ բուհն ավարտելուց հետո շատերն հետագայում աշխատում են հմտությունների ոլորտում, որը ենթադրում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն:

Նախարարի տեղակալն իր խոսքում հաջողություն է մաղթել«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի ամփոփիչ փուլի բոլոր մասնակիցներին` նշելով, որ հաղթողներն հնարավորություն կստանան մասնակցել «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին, որը տեղի կունենա 2019 թվականին ՌԴ Կազան քաղաքում:

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթև Գասպարյանը տեղեկացրել է, որ«Հայաստանի հմտություններ» մրցույթի նախընտրական փուլին Երևանից և ՀՀ մարզերից մասնակցել են 49 ուսանողներ, որոնցից 28-ը անցել են եզրափակիչ փուլ:

«Հայաստանի Հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 16-17-ը` «Մեխատրոնիկա», «Վեբ դիզայն», «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով:

Մրցույթի մասնակիցներին ողջունել են նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման միության  նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի նախագահ Կարինե Դնոյանը:

Նշենք, որ Հայաստանը «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ` «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am