Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները

Armenpress 16:32, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  վճռաբեկ բողոքները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ.  Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է՝ Վերաքննիչ դատարանում իրենց ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնելը, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ դատական դեպարտամենտի hասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

«Նիստն ընթանում է, երկու բողոքները քննվում են: Դատական նիստը դռնփակ է, ավարտելուց հետո տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ էր ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները:  

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանավորումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am