Գեղարքունիքի մարզպետը Գավառի տարածաշրջանի համայնքներում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին եւ հիմնախնդիրներին

Armenpress 11:59, 15 Նոյեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածաշրջանի Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք եւ Ծաղկաշեն համայնքներ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գանձակ համայնքում մարզպետին ներկայացվեցին 2018 թվականի ընթացքում պետական կամ տեղական բյուջեների միջոցներով իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող համայնքային ծրագրերը:Ինչպես նշեց համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, տարվա ընթացքում Գանձակում արձանագրվել են զգալի ձեռքբերումներ մի շարք ոլորտներում: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է գյուղի մի թաղամասի ոռոգման ջրանցքը, պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակը Ծաղկաշենին կապող կամուրջը, կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, իսկ տեղական միջոցներով կառուցվել են երկու հուշաղբյուր, գյուղի մուտքը, տեղադրվել երեք կանգառ, ընդլայնվել լուսավորվածության ցանցը, որն աշխատում է վերականգնվող էլեկտրաէներգիայի հաշվին: Մասնավոր ներդրումների հաշվին հիմնվում է ջերմոցային տնտեսություն, որը կապահովի մի քանի աշխատատեղ: Որպես գյուղի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիր համայնքի բնակիչները համարեցին Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը, որը գտնվում է անմխիթար վիճակում:«Այս ճանապարհը ոչ միայն ներհամայնքային, այլ նաև միջհամայնքային նշանակություն ունի, որն իրար է կապում Գանձակ եւ Ծաղկաշեն համայնքները: 2 կիլոմետր երկարության Բաղրամյան փողոցը հիմնանորոգման չի ենթարկվել ավելի քան երեք տասնամյակ եւ շահագործվում է մեծ դժվարությամբ: Մեր բյուջեի հնարավորությունները սուղ են՝ խնդրին լուծում տալու համար, ուստի ակնկալում ենք պետության աջակցությունը»,-հարց բարձրացրին համայնքի ղեկավարը, ավագանու անդամները եւ բնակիչները: Մի խումբ բնակիչներ էլ մարզպետին դիմեցին անձնական կամ հանրային կարեւորության հարցերով: Բնակչության հետ հանդիպումից հետո Գնել Սանոսյանն այցելեց Գանձակ-Ծաղկաշեն կամրջի շինարարության հրապարակ՝ դիտարկելու աշխատանքի ընթացքը:Սարուխան համայնքում մարզպետը ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքներին, որոնք իրականացվել են վերջերս, սուբվենցիոն ծրագրով եւ գյուղի բարերարների տրամադրած միջոցների հաշվին: Մարզի ղեկավարին որպես հիմնախնդիր ներկայացվեց Սարուխանի մշակույթի տան դահլիճի հատակի անբարեկարգ վիճակը: Մարզպետն այցելեց մշակույթի տան շենքում գործող ժամանցի սենյակ, զրույց ունեցավ համայնքի բնակիչների հետ:Լանջաղբյուր համայնքում եւս մարզպետին ներկայացվեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում կամ պետական ու տեղական միջոցների հաշվին: Համայնքի ղեկավարի, ավագանու եւ բնակչության կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհաշինության, ոռոգման ջրի մատակարարման, գյուղատնտեսության ոլորտներին:«Պետական միջոցներով հիմնանորոգվում է Մեսրոպ Մաշտոցի փողոցը, որտեղ նախագծից դուրս է մնացել 150 գծամետր երկարության ճանապարհ եւ ջրահեռացման համակարգի կառուցումը: Հրատապ խնդիր ենք համարում նաեւ մեր գյուղի ոռոգման մայր ջրանցքի հիմնանորոգումը, որի երկարությունը 2,7 կիլոմետր է, եւ որտեղ ջրի կորուստները կազմում են մոտ 70 տոկոս: Գյուղի մի թաղամաս ոռոգման ջրի խորքային հորի կառուցման խիստ կարիք ունի: Համայնքը չունի նաեւ հացահատիկահավաք կոմբայն, ինչի պատճառով տնտեսությունները հացահատիկի ցանք կատարելը համարում են ռիսկային:Այս տարի երկու անգամ կարկտահարվեցին մեր ցանքերը, ինչի հետեւանքով շատ տնտեսություններ բերքի զգալի կորուստներ ունեցան: Պետության կողմից ակնկալում ենք փոխհատուցում, սակայն մինչ օրս անորոշության մեջ ենք»,-մարզպետին դիմեցին լանջաղբյուրցիները: Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ համապատասխան ակտերի առկայության դեպքում կառավարությունն առաջիկայում կտրամադրի որոշակի փոխհատուցում: Լանջաղբյուրում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց նաեւ գյուղի մշակույթի տան հատակի եւ գյուղամիջյան ոռոգման առուների հիմնանորոգումները:Գեղարքունիք գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց Վազգեն Սարգսյան փողոցի ասֆալտապատումը 450 գծամետր երկարությամբ, ոռոգման ջրամբարի հիմնանորոգումը եւ գյուղամիջով անցնող Գավառագետի վտակի հունի կառուցապատումը: «Գետի հունը կառուցապատման կարիք ուներ մոտ 1200 մետր երկարությամբ: Անցած տարիների ընթացքում պետական միջոցներով կառուցապատվել է մոտ 600 գծամետր, իսկ ծրագիրը դադարեցվել է մի քանի տարի առաջ, ինչի արդյունքում կիսատ են մնացել 2 կամրջի կառուցման եւ 600 գծամետր երկարության ափապաշտպան կառույցների տեղադրման աշխատանքները: Գարնանային վարարումների ընթացքում վնասվում են տնտեսությունների շինություններն ու ցանքերը: Այս խնդրի լուծումը մեր համայնքի համար կենսական կարեւոր նշանակություն ունի»,-ընդգծեց համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանը: Անդրադառնալով տարվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ համայնքի ղեկավարն առանձնացրեց մանկապարտեզի հիմնումը, որն այժմ իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ֆինանսական միջոցներով եւ գյուղապետարանի համաֆինանսավորմամբ: Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանը դիտարկեց շենքային պայմանները եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ դպրոցական շենքը շահագործումից ի վեր՝ 1971 թվականից մինչ այժմ, չի ենթարկվել որեւէ նորոգման: «Առաջնահերթ ենք համարում դպրոցի տանիքի եւ պատուհանների նորոգումը, որպեսզի դասաժամերի անցկացման համար կարողանանք ապահովել բավարար ջերմային ռեժիմ, ինչը մեզ չի հաջողվում նույնիսկ լոկալ ջեռուցման համակարգ ունենալու պայմաններում»,-նշեց դպրոցի տնօրեն Գոհար Բադալյանը:Ծաղկաշեն գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցումը: «Խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը նախատեսված է «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի» միջոցներով: Համակարգի կառուցման համար նախատեսված է մինչեւ 423 միլիոն դրամի ներդրում: Նախագիծն արված է, սպասում ենք շինարարության մեկնարկին: Եթե խնդիրը ստանա իր լուծումը, կմտածենք ոռոգման համակարգի ստեղծման մասին: Գյուղի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ենք համարում նաեւ մշակույթի տան հիմնանորոգումը, որպեսզի կարողանանք աշխուժացնել մշակութային կյանքը եւ միաժամանակ ազատ ժամանցի հնարավորություն ստեղծենք տարեցների համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը:Անդրադառնալով այցի ընթացքում բարձրացված հարցերին ՝ Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ դրանք կքննարկվեն կետ առ կետ եւ պատկան մարմինների հետ համագործակցությամբ կստանան իրենց լուծումները:«Բոլոր տեղերում էլ մենք արձանագրեցինք տարիներով կուտակված ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, որոնք պահանջում են զգալի միջոցներ, նաեւ՝ որոշակի ժամանակ ու ջանքեր: Դրա համար մենք կլինենք հետեւողական ամեն մի հարցի լուծման ուղղությամբ, որպեսզի կարողանանք բավարար պայմաններ ապահովել համայնքային կյանքի զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման համար: Վստահեցնում եմ, որ արձանագրված ոչ մի հարց մեր կողմից անուշադրության չի մատնվի»,-այցի ավարտին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am