Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

Armenpress 10:57, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանրության և լրատվության հետ կապերի վարչությունից: 

«Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը», - նշված է շնորհավորական նամակներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախմբի անդամ և Արցախի բարեկամ մի խումբ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրենկ Փալոունը, Դեյվիդ Վալադեոն, Ջեկի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Աննա Էշուն, Ջուդի Չուն, Ադամ Շիֆը և Թուլսի Գեբբըրդը: Ընտրությունների արդյունքում Կոնգրեսի անդամ է ընտրվել նաև հայկական արմատներով Էնթոնի Բրինդիսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am