1000х90.jpg (78 KB)

Համայնքների խոշորացման թնջուկը. կասեցված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Armenpress 10:41, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը ժամանակավորապես առկախվել է. այն կվերսկսի 2019 թվականին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիշեցրեց առկախման պատճառը, ինչպես իր ամփոփիչ ասուլիսին հայտարարել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, խորհրդարանական ընտրություններն են:

«Երբ ուսումնասիրենք նախորդ խոշորացումներից առկա թերությունները, գործընթացը կշարունակվի: Համայնքների խոշորացումը գործիք է, որպեսզի բնակիչներին մատուցվող  ծառայությունները դառնան ավելի որակյալ: Եթե մենք մինչ խոշորացման գործընթացն ունեինք 915 համայնք, ապա հիմա ունենք 502: 52 խոշորացված համայնքներում ընդգրկվել է նախկին 465 համայնք»,-ասաց նա:

Գիլոյանի խոսքով՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքների խոշորացման ծրագիրը կարելի է համարել ավարտված: «Խոշորացման գործընթացում համայնքների կողմից հնչած դժգոհությունները մասամբ սուբյեկտիվ են, մասամբ օբյեկտիվ: Մենք ընդունում ենք, որ իրազեկման գործընթացում միգուցե թերացել ենք, բայց նարեփոխումն ինքն իրենով որևէ թերություն չունի»,-նշեց նա:

  Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետն ընդգծեց, որ 52 արդեն խոշորացված համայնքներում, ճիշտ է, մոտ 1000 աշխատատեղ է կրճատվել, բայց դրա փոխարեն ավելացել է 803 նոր հաստիք: «Դրանք հիմնականում ավելացել են ծառայություններ մատուցող հիմնարկներում: Օրինակ՝ մանկապարտեզներում նոր խմբեր են բացվել, խոշորացված համայնքներում անասնաբույժի հաստիքներ են ավելացել և այլն: Ինչքանո՞վ է օբյեկտիվ, որ փոքր կամ միջին համայնքները տարեկան իրենց հասանելիք ընդհանուր բյուջեով պահում էին հաշվապահ, քարտուղար: Այդ վարչական հաստիքները կրճատվել են, կարելի է ասել վերափոխվել են ավելի ծառայություն մատուցող հաստիքների: Հետո՝ տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական հիմնարկ չէ, այն պետք է աջակցի, որպեսզի համայնքում աշխատատեղեր ստեղծվեն»,-ասաց նա:

Պատասխանատուները վստահեցնում են. համայնքներում խոշորացման գործընթացը ավարտին է հասնելու: Աշոտ Գիլոյանն ասաց, որ բարեփոխումը պետք է իրականացնել, որպեսզի հետո հնարավոր լինի ապակենտրոնացման գործընթացն իրականություն դարձնել: «Չենք կարող երկրի կեսը միավորել, երկրի մյուս կեսը մնա: Մեզ քննադատում են, որ ապակենտրոնացում չենք անում: Հիմա ուզում ենք մարզպետարանների լիազորությունները փոխանցել համայնքներին: Այնքան լիազորություն կա, որ կարելի է համայնքին փոխանցել՝ գումարի հետ, այդ համայնքն էլ ծառայությունն ավելի որակյալ կմատուցի՝ ավելի մոտ լինելով բնակչին»,-հավելեց նա:

Աշոտ Գիլոյանը փաստեց, որ երբ խոշորացման գործընթացը շարունակություն ունենա, իրենք կայցելեն համայնքներ, ավելի ակտիվ կլինեն: «Այս կարգի բարեփոխումները ամբողջ աշխարհում մեկ օրում են անում: Մեր հարևան Վրաստանում համայնքների խոշորացման գործընթացը կատարվել է մեկ գիշերվա մեջ: Մեզ մոտ միշտ միավորվելը վատ են ընկալում, դրա համար էլ քաղաքական ղեկավարությունը որոշեց գործընթացը պիլոտային եղանակով իրականություն դարձնել»,-ասաց նա՝ հավելելով, որ հազվագյուտ համայնքների ղեկավարներ կան, ովքեր կողմ են գործընթացին: «Գրեթե բոլորը դեմ են, քանի որ մենք գործընթացի արդյունքում համայնքների աշխատակազմերը միավորելուց հետո օրենքի պահանջով բոլորին ազատում ենք, ապա մրցույթով ընդունում: Համայնքի ղեկավարներն էլ հենց հաճախ տարածում են տեղեկատվությունը, թե խոշորացումը վատ բան է: Սակայն բնակիչներին իրազեկելուց հետո այս կասկածները փարատվում են»,-ասաց նա:

2006 թ. սկսած ՀՀ կառավարությունը և տարածքային կառավարման նախարարությունը GIZ-ի համագործակցությամբ քայլեր են ձեռնարկել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների հայեցակարգային մոտեցումների ձևավորման ուղղությամբ: Հայեցակարգի համաձայն` համայնքների խոշորացումը պետք է հանգեցնի հետևյալ արդյունքներին. մարդկային ռեսուրսների համախմբում, ենթակառուցվածքների համախմբում և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ֆինանսական կարողությունների ուժեղացում և իրականացվող լիազորությունների շրջանակի ընդլայնում, գյուղատնտեսության զարգացման համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծում, համայնքների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման հեշտացում, արդյունավետության բարձրացում և այդ ուղղությամբ իրականացվող ծախսերի նվազեցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am