Կառավարությունը սահմանում է նիստերը դռնբաց անցկացնելու դրույթ

Armenpress 17:29, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին օրինագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Նախագծի ընդունման պարագայում՝ կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:

Կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Ըստ այդմ՝ համարժեքորեն վերանայվում են նաև այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները:

Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում էր, որ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով: Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության նիստերն անցկացվում են դռնբաց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am