Հաջորդ տարվա բյուջեի նախագծով բացառված է համակարգային կոռուպցիան. «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու

Armenpress 12:57, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկելու 2019 թ. պետական բյուջեի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախագծի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Հետհեղափոխական շրջանում ներկայացված բյուջեն հեղափոխական սպասումներին համարժեք չէ: Հեղափոխությունից հետո սպասելիքները, որ կարող են բարձր ցուցանիշներ ապահովել, բեկում մտցնել սոցիալական ոլորտում, միգուցե այդպես չեն եղել: Բայց ստեղծված պայմաններին` համակարգային կոռուպցիայի բացակայությանը, ներկրման քվոտաների բացակայությանը պետք է հաջորդեն մյուս քայլերը, որոնք մեզ հույս կներշնչեն, որ մենք սրանով պետք է աջակցենք գործերի լավացմանը»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց, որ և հարցադրումներով և առաջարկներով ընդունելով այս ամենը, իրենք չեն կարող չաջակցել կառավարությանը, որ բյուջեի հաստատմամբ իր հետագա գործունեությունը ծավալի: «Ծառուկյան» խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,-հայտնեց պատգամավորը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am