Հայկական 10 գինի, կոնյակ արտադրող ընկերություններ մասնակցում են ProWine China 2018 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին

Armenpress 12:36, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 13-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ ProWine China 2018-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով այցելել է Հայաստանի տաղավար, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դեսպանը նշել է, որ կարևորում է նման նշանակալի նախաձեռնությունները, և դեսպանությունը միշտ պատրաստ է աջակցել ծրագրերին, որոնք միտված են մեր տնտեսության զարգացմանը:

Հայկական 10 ընկերություններ ProWine China 2018-ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով. Հայաստանի տաղավարում ներկայացված են խաղողի տեղական և տեղածին սորտերից պատրաստված գինիները, մրգային գինիները՝ մասնավորապես նռան գինին, ինչպես նաև խաղողի և այլ մրգերի հումքով պատրաստված ալկոհոյալին այլ խմիչքներ:

Prowine China ցուցահանդեսին այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից, և նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու ևս մեկ հիանալի հնարավորություն է:

Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են ՝ Պրոշյանի կոնյակի գործարանը,  Վան Արդի ՍՊԸ-ն, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, «Գևորգյան» գինու գործարանը, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»-ն, «Ոսկեվազի գինու գործարանը», «Իջևանի գինու, կոնյակի գործարան», «Երևանի Արարատ կոնյակի-գինու- օղի կոմբինատ» ԲԲԸ-ն, «Մերձավանի կոնյակի գործարանը» և «Արենի Նոահ» ՍՊԸ-ն:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am