1000х90.jpg (78 KB)

Հոգեբուժարաններում Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրեական գործեր

Armenpress 11:08, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազությունից մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության համաձայն՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է  քրեական գործ:  Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց:

Եվս մեկ քրեական գործ հարուցվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն») ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա։ 

Նշված բոլոր քրեական գործերով իրականացվում է նախաքննություն ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am