Պետական պաշտոնյաների կենսաթոշակն ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ.շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ

Armenpress 10:52, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Համաձայն նախագծի՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

«Կենսաթոշակների չափերի բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից  մեկը: Բևեռացման մեղմելը, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը համարվում է խիստ կարևոր: Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաններ, ովքեր ստանում են նույնիսկ 1.000.000 դրամից ավել կենսաթոշակ»,-նշել է Մանե Թանդիլյանը:

Առաջարկվող նախագծով, արդյունքում՝ պետական պաշտոնյաների կենսաթոշակը ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ և պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, կկարողանան բարձրացնել իրենց թոշակը միայն քաղաքացիների կենսաթոշակը բարձրացնելուն զուգահեռ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am