Տարվա լավագույն քաղաք է ճանաչվել Սևանը, լավագույն գյուղ՝ Գառնին. անց է կացվել «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը

Armenpress 17:50, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 11-ին, կազմակերպվեց «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով ընդունելություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում կայացավ «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխությունը։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ  «Տարվա լավագույն համայնք» մրցույթն անց է կացվում 2006 թվականից՝ «Հայաստանի համայնքների միության» ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ

«Մրցանակները կրկնակի արժևորվում են նրանով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրը։ Այս տարի մենք դիմավորում ենք Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյակը՝ «Նոր Հայաստանում՝ նորացված համայնքներ» կարգախոսով»,- նշեց Երիցյանը:

Վերջինս ընդգծեց, որ ընտրությունն իրականացվում է հանձնաժողովի միջոցով: Նա շեշտեց, որ մրցույթին մասնակցելու համար մասնակիցներն ուղարկում են հայտեր և համայնքի ղեկավարներից կազմված հանձնաժողովը որոշում է հաղթողներին:

«Ամեն տարի անվանակարգերն ավանդաբար պահպանվում են: Սովորաբար լինում է երկու հիմնական մրցանակ՝ «Լավագույն քաղաք» և «Լավագույն գյուղ», բայց լինում են նաև «Մաքուր համայնք», «Բարեկարգ համայնք» և այլ անվանակարգեր:  Բալային համակարգով վերջին 1 տարվա կատարած աշխատանքների հիման վրա գնահատվում են համայնքներն, ապա որակական քննարկում է լինում ու սահմանվում են հաղթողները»,- ասաց Երիցյանը:

«Լավագույն քաղաք 2018» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը, «Լավագույն գյուղ 2018» անվանակարգում՝ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղը:  

Էմին Երիցյանն ասաց, որ անցյալ տարի Սևանը բավականին շատ ուղղություններով լավ նախաձեռնություններ է իրականացրել՝ քաղաքի բարեկարգում, տնտեսական զարգացման ծրագրով է հանդես եկել: Գառնին նույնպես բավականին լավ ցուցանիշներ ունի՝ այն էապես տարբերվում էր մնացած համայնքներից: «Հանձնաժողովի անդամների մոտ որևէ կասկած անգամ չառաջացավ այս ընտրության հարցում»,- նկատեց Հայաստանի համայնքների միության նախագահը:

Ընդհանուր առմամբ 502 համայնքից հայտեր ստացվել է ընդամենը 49-ից:

Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Համայնքային առաջնորդների դասընթացների» նոր փուլի մեկնարկի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am