Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը. «Bellingcat»-ի հոդվածագիր

Armenpress 13:14, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ադրբեջանական մամուլը, մեկնաբանելով ամերիկյան «Bellingcat » կենտրոնի վերլուծաբան Մասիս Ինգիլիզյանի հոդվածը, պնդել էր, որ հոդվածագիրն արձանագրում է, որ «Նախիջևանում Ադրբեջանը նոր բարձունքներ է ազատագրել»։          «Արմենպրես»-ի հետ զրույցում հոդվածի հեղինակը, արտահայտելով իր վրդովմունքը, նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է իր խոսքերը և հոդվածի թարգմանությունը ներկայացրել փոփոխություններով։ «Իմ հոդվածում խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական կողմը Նախիջևանում հայկական բարձունքներ է գրավել։ Ես խոսել եմ չեզոք գոտու տեղաշարժերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցը հոդվածը մեկնաբանել է այլ` իրենց համար շահավետ տեսանկյունից` տեղ-տեղ նույնիսկ ամբողջությամբ փոխելով իմ բառերը։ Ցավալի է, որ լրատվամիջոցը կարող է այսքան ցածրանալ»,- ասաց  Մասիս Ինգիլիզյանը։        Նշենք, որ թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ Ադրբեջանում հերթական անգամ փորձում են փաստերը խեղաթյուրել,  և որ Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող չի «ազատագրել»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am