Շիրակում ամփոփվել են Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական զարգացման ծրագրի արդյունքները

Armenpress 20:01, 8 Նոյեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆիանսավորովող Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական զարգացման (ENPARD) գյուղատնտեսական ծրագիրն Շիրակի մարզում արդեն ունի տեսանելի արդյունքներ: Կատարված աշխատանքին և արդյունքներին տեղում ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 2018 թվականի նոյեմբերի 8-ին Գյումրում անցկացրել են փակման միջոցառումը: Դրան մասնակցել են Շիրակի մարզպետարանի, ԵՄ պատվիրակության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, տարածքային կառավարման և զարգացման նախարարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու ֆերմերներ և ծրագրի գործընկերներ: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի անունից ողջունելով ծրագրի կազմակերպիչներին՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում միջազգային կազմակերպությունների դերը մեր երկրում ժողովրդավարության, կրթական, առողջապահական, մշակութային ոլորտների զարգացման, սոցիալական խնդիրների լուծման գործում. «2017-ին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա բնակավայրում շահագործման հանձնվեց հնդկաձավարի վերամշակման գործարանը, ինչը կնպաստի մարզի գյուղատնտեսության զարգացմանը: Մի շարք ծրագրեր են իրականացվել մարզի մյուս բնակավայրերում ևս, խոսքը Մեծ Մանթաշի բարձրարժեք պանրի, Արևշատի չրերի և խոտաբույսերի, Ախուրյանի բարձրարժեք մշակաբույսերի և մեխանիզացիայի ծրագրերին է վերաբերում, որոնց իրականացումը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության մեջ դրական տեղաշարժ, համայնքներում կյանքի աշխուժացում»: Ծրագրի աջակցությամբ հիմնվել է բարձրարժեք դաշտային մշակաբույսեր մշակող 19 գյուղատնտեսական կոոպերատիվ, հնդկացորենի մշակման արտադրամաս Բավրա համայնքում, 2 բարձրարժեք պանիր արտադրող կոոպերատիվ և 1 չոր միրգ արտադրող կոոպերատիվ: Ծրագիրը ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է կատարել և ներգրավել ավելի քան 180 հազար եվրո համագործակցող կազմակերպություններից: 2018թ. բարձրարժեք մշակաբույսերի ցանքը կազմել է 254 հա և հավաքվել է 317 տոննա հնդկացորեն, ոսպ, ոլոր, սիսեռ և կտավատ: Մարզում հիմնադրվել են հատտպտղի այգիներ՝ հակակարկտային և կաթիլային որոգման համակարգերով՝ ընդհանուր 5 քմ տարածքով: Բարձրարժեք պանիր արտադրող կոոպերատիվների կողմից արտադրվել և վաճառվել է մոտ 60 տոննա պանիր: Չիր արտադրող կոոպերատիվը արտադրել է մոտ 6 տոննա չոր միրգ և խոտաբույս:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am