Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին

Armenpress 19:13, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են Երևանում ազատ հավաքների ապահովման առկա վիճակը, խաղաղ հավաքների ապահովման հարցում համայնքային և պետական մարմինների համագործակցությանը և այս համատեքստում ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների հետ կապված գործընթացների կազմակերպման հարցեր:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևան համայնքն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է սահմանված բոլոր լիազորությունները թե համայնքային, թե համապետական ընտրությունները կազմակերպելու համար, այդ թվում՝ ապահովելով Հավաքների ազատության մասին օրենքի դրույթները: Քաղաքապետը նշել է, որ երկրում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության շնորհիվ ընտրական գործընթացները դարձել են առավելագույնս թափանցիկ և ժողովրդավարական, ինչի ապացույցն էին նաև սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները:

Կլեմեն Վուլեն իր հերթին նշել է երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գալիք ընտրական գործընթացները մեկ անգամ ևս կվերահաստատեն փաստը, որ Հայաստանն անցում է կատարում դեպի ժողովրդավարության նոր մակարդակ:

ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը Հայաստանում է ՀՀ կառավարության պահանջով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am