1000х90.jpg (78 KB)

Նոյեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ Ազգային ժողովում կշարունակվեն «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Երևանի հյուսիսային ավտոկայարանում տեղի կունենա ՀՀ տարածքից ավտոբուսներով միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Ուղղություններն են՝ Ռուսաստան, Վրաստան, Արցախ, Իրան։

Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն՝ 10-ը երթուղիների համար։

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հանդես կգան մամուլի ասուլիսով: Կազդարարվի երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը:

ՀՀ ԱԻՆ-ում կկայանա «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» գրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ: Գրքի հեղինակն է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

Մեկնարկում է հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթ: Նախաձեռնողները, հրավիրված մամուլի ասուլիսում, կներկայացնեն մանրամասներ : Մասնագետները տեղում կներկայացնեն հակամանրէային դեղերի կայունության և զսպման ուղղությամբ կատարված աշխատանքները և նախատեսվող քայլերը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ այսօր նախատեսված է հանդիսավոր նիստ, որին ներկա կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հանդիսավոր նիստի ավարտից հետո կմեկնարկի Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը:

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա արձակագիր Արտյոմ Գրիգորյանի «Գնացք դեպի Արևմուտք» վեպի շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am