Մասնագետը «Հին Երևան»-ի տարածքում կատարվող աշխատանքներն ապօրինի է որակում

Armenpress 18:44, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Երևանի» տարածքում կատարվող բոլոր աշխատանքներն  ապօրինի են իրականացվում, ինչի վերաբերյալ եղել են հայտարարություններ, գրություններ և հանդիպումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Դրանց մասին  բազմիցս հայտարարություններով ենք հանդես եկել, գրություններ ուղարկել, հանդիպումներ ունեցել, հորդորել ենք չիրականացնել նմանատիպ աշխատանքներ: Մինչ օրս «Հին Երևանի» տարածքում կատարվում են ապօրինի շինարարական աշխատանքներ։ Համաձայն հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին  օրենքի 16-րդ հոդվածում հստակ սահմանված դրույթի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքում շինարարական և այլ տեսակի աշխատանքները թույլատրվում են մշակույթի նախարարության կողմից: Մեր նախարարության կողմից նման թույլտվություն չկա»,- ընդգծեց Աբրոյանը։

Նրա խոսքով, մասնավորապես, Արամի 23 հասցեում գտնվող, հուշարձան հանդիսացող շենքի  ամրակայումը չպետք է լինի ժամանակավոր, միայն վերևի մասով, քանի որ հիմքերի թուլացման պատճառով է հուշարձանն այսօր այդ վիճակում։ 

«Եթե հիմքերը չամրակայվեն, այսինքն՝ հիմնատակի գրունտները չպահպանվեն, ապա որևէ միջոցառում անիմաստ է։ Հայտարարվում է, որ մշակույթի նախարարությանն արդեն իսկ երկրորդ և երրորդ նախագծեր են ներկայացվել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետը:

Վերջինս հավելեց, որ այսօր արդեն հայտարարվում է, որ չորրորդ նախագիծն է կազմվում, սակայն դա նույնպես ճշմարտությանը չի համապատասխանում:

Աբրոյանը, եզրափակելով խոսքը, շեշտեց, որ շենքը պահպանելու համար, անգամ եթե պատը թեքված է՝  հիմքերի ամրակայումը բավարար է:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am