Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է. «Բուկինիստ»-ն անցկացնում է «Գրքի գիշեր-2018» միջոցառումը

Armenpress 13:31, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուկինիստ» գրախանութների ցանցը, շարունակելով գրքի երևանյան ավանդույթները, անցկացնում է «Գրքի գիշեր-2018» միջոցառումը՝ այս անգամ ավելի հետաքրքիր անակնկալներով: Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 10-ին ժամը 18:00-00:00-ն՝ «Բուկինիստ»-ի բոլոր խանութներում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ այդ օրը՝ նշված ժամերին, «Բուկինիստ»-ի բոլոր մասնաճյուղերում ամբողջ տեսականու համար գործելու է 30 տոկոս զեղչ:

«Արդեն վստահաբար կարող եմ ասել, որ միջոցառումն ավանդական է, որովհետև գրքասերների շրջանում մեծ հետաքրքրություն կա այս նախաձեռնության նկատմամբ, մենք էլ այն ամեն տարի իրականացնում ենք: Բազմաթիվ զանգեր, նամակներ ենք ստանում, մարդիկ ցանկանում են իմանալ, թե երբ է անցկացվելու այս միջոցառումը: Միջոցառումներ լինելու են «Բուկինիստ»-ի բոլոր խանութներում: Այս տարի անակնկալ ունենք, Երևան, Մաշտոցի, 20 հասցեում նախատեսում ենք «Բուկինիստ» սրճարանի բացումը: Գրախանութին կից բացում ենք սրճարան, որտեղ մեկ բաժակ սուրճի շուրջ ընթերցասերները կարող են բանավիճել, քննարկել: Անցկացնելու ենք գրքի շնորհանդեսներ, տարբեր հանդիպումներ»,-ասաց Խաչիկ Վարդանյանը:

«Գրքի գիշեր» միջոցառման շրջանակում «Բուկինիստ»-ի գրախանութներում բոլոր գնորդներին սպասում է հաճելի անակնկալ՝ ճեպանկար-դիմանկարի տեսքով Փ. Թերլեմեզյանի անվան արվեստի պետական քոլեջի սաների կողմից:

Խաչիկ Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է գրքի նկատմամբ հետաքրքրության որոշակի աճ: Նման միջոցառումներն ու նախաձեռնություններն այդ գործում բավական օգնում են: Նրա խոսքով՝ նախորդ երկու տարիներին «Գրքի գիշեր» միջոցառման շրջանակում գրախանութի առաջ հերթ է գոյացել: Վաճառքի ծավալները 5-6 անգամ գերազանցել են սովորական օրվա վաճառքի ցուցանիշներին:

«Գրքի պահանջարկը մեծացել է: Օրինակ՝ 40 օրում վաճառել ենք 3 հազար 600 օրինակ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, 3 հազար 700 օրինակ վաճառել ենք Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը: Այսպիսի թվերի մասին, մենք  3 տարի առաջ կերազեինք»,-ասաց Խաչիկ Վարդանյանը: Նա նշեց, որ գրքի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը նպաստում են մի քանի հանգամանքներ՝ գրախանութների ակտիվ աշխատանքը, հրատարակված գրքերի որակի բարձրացումը, հետաքրքիր բովանդակության ներկայացումը և այլն: Հրատարակիչներն ավելի լուրջ են սկսել մոտենալ գործին, հետաքրքիր գրքեր են մատուցում ընթերցասերներին՝ հաշվի առնելով նրանց պահանջարկը: Խաչիկ Վարդանյանն ընդգծեց՝ Հայաստանում հրատարակված գրքերն իրենց որակով մրցունակ են աշխարհում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am