Սփյուռքահայ երիտասարդների համար կիրականացվի «Ներուժ» սթարթափ ծրագիրը

Armenpress 12:48, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով պահուստային ֆոնդի հաշվին Սփյուռքի նախարարությանը կհատկացնի 81 մլն դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Նախագծի ընդունման արդյունքում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի մինչև 10 նորարարական նախագծի` Հայաստանում և Արցախում հիմնվելուց հետո: Այդ ընկերությունները լինելու են ինովացիոն, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտի, որոնց լուրջ հաջողություններ գրանցելու դեպքում կտրանսֆորմացվեն խոշոր ընկերությունների և կգրանցեն հաջողության պատմություններ։ Սույն որոշման ընդունման նպատակն է ապահովել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվելիք «Ներուժ» սփյուռքի երիտասարդների սթարթափ ծրագրի համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը:

Ըստ հիմնավորման, «Ներուժ» ծրագրի իրականացման արդյունքում հատկանշական է նաև այն քաղաքական հաղորդագրությունը, որը պետք է հասցվի սփյուռքի ձեռներեց սեկտորին։ Այն միտված է հուշելու նրանց, որ Հայաստանն այլևս առողջ ստարտափ էկոհամակարգ ունի, որի կայացման գործում սփյուռքի ներգրավվածությունն ավելի քան իրատեսական է։ Առաջարկվում է նախարարությանը տրամադրվող 81 մլն դրամից 45 մլն դրամը նվիրատվության պայմանագրով տրամադրել հաղթողներին՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ակսելերացիոն ծրագրով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am